24 մարտի 2021 - 17:23 AMT
Էլեկտրոնային ԶԼՄ-ներում վիճակախաղերի գովազդի ժամային սահմանափակում կլինի

Էլեկտրոնային լրատվամիջոցներում վիճակախաղերի գովազդի ժամային սահմանափակում կկիրառվի։ Այդ մասին ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ասել է Ազգային ժողովում «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ։

Առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը՝ նախատեսելով, որ գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Նշված վերահսկողությունը մշտադիտարկման միջոցով իրականացնելու է Պետական եկամուտների կոմիտեն:

Պահանջը վերաբերելու է վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի, շահումով խաղերի և խաղատների գովազդների համար սահմանված պահանջների խախտումներին: