24 մարտի 2021 - 17:56 AMT
Արշակյանը ներողություն է խնդրել լրագրող Ֆահրադյանից

Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ԱԺ-ում ճեպազրույցում լրագրող Փայլակ Ֆահրադյանին հարվածելու միջադեպի հետ կապված ներողություն է խնդրել նաև հենց լրագրողից, տեղեկացնում է «Առավոտը»։

Նա հայտարարել է. «Նախ ուզում եմ ասեմ, որ ձեզ բոլորիդ շատ սիրում եմ: Դուք գիտեք, որ ձեր հարցերին միշտ մանրամասն փորձում եմ պատասխանել, շատ կարևորում եմ ձեր պրոֆեսիոնալ գործունեությունը: Ես կատարված դեպքի հետ կապված ներողություն եմ խնդրել ականատես եղած քաղաքացիներից, աշխատակիցներից, հիմա նաև ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից, ովքեր իրենց տեսադաշտում տեսել են այդ դեպքը, նաև ցանկանում եմ լրագրական հանրույթից ներողություն խնդրել, ինչպես նաև Փայլակից»:

Նա հավելել է, որ, շատ է կարևորում լրագրողների պրոֆեսիոնալ մասնագիտական գործունեությունը։

«Ես շատ լուրջ եմ վերաբերվում դրան և ցանկանում եմ, որ մենք բոլորս հենց այդպես վերաբերվենք»,- ասել է նա։

Հարցին, թե այդ դեպքի ժամանակ եղե՞լ է մի բան, որ տեսախցիկներից բաց է մնացել, հայհոյանք կամ այլ բան, որովհետև նման լուրեր են պտտվել, նախարարը չի պատասխանել:

Ավելի վաղ Արշակյանը, անդրադառնալով լրագրողի հետ միջադեպին, որին նա հարվածել էր, հայտարարել էր, որ դեմ է բռնությանը և պատրաստ է պատասխանատվություն կրել։