1 ապրիլի 2021 - 10:42 AMT
Հոգլանդ․ Եթե ՄԽ-ն չվերանայի իր առաքելությունը, կմնա հետնախորշ միջազգային դիվանագիտության մեջ

ԵԱՀԿ Միսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, The International Conflict Resolution Center-ի կայքում հրապարակված հոդվածում խոսելով ԵԱՀԿ ՄԽ հետագա դերակատարման մասին, նշել է, որ եթե ՄԽ-ն չվերանայի իր առաքելությունը, կմնա հետնախորշ միջազգային դիվանագիտության մեջ։

«Մինսկի խմբի ապագայի վերաբերյալ հարցը կախված է նրանից, թե որ կողմից ենք նայում։ Պարզ է՝ Երևանը համարում է, որ Մինսկի խմբի աշխատանքի շարունակումն անհրաժեշտ է ԼՂ-ի վերջնական կարգավիճակի որոշման համար։ Բաքուն էլ հակառակ դիրքորոշում ունի՝ նշելով, որ ԼՂ-ն Ադրբեջանի անբաժան մասը պիտի լինի»,- գրում է դիվանագետը՝ նշելով, որ սա հանելուկ է, որին Մինսկի խումբը բախվել է հենց սկզբից, գրում է Factor.am-ը։

Նա հետաքրքիր բացահայտումներ է արել նաև «Լավրովի պլանի» հետ կապված։

«Տարիների ընթացքում ԵԱՀԿ-ն մշակել է Մադրիդյան սկզբունքները, ԼՂ-ի հակամարտության վերջնական լուծման ճանապարհային քարտեզը, որը պիտի ավարտվեր ԼՂ-ի բնակիչների ինքնորոշմամբ։ Իմ ծառայության ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը բացահայտեց հակամարտության լուծման իր սեփական պլանը, որը նման է Մադրիդյան սկզբունքներին և անմիջապես հայտնի դարձավ որպես «Լավրովի պլան»՝ չնայած մեզ զգուշացնում էին այն անվանել «սեղանի վրա դրված պլան»»,- գրել է ամերիկացի համանախագահը։

Նա հավելել է նաև․ «Երբ, այսպես կոչված, «Լավրովի պլանը» հրապարակվեց, ես հարցրեցի իմ գործընկերոջը՝ ռուս համանախագահ դեսպան Պոպովին, Կրեմլն իսկապե՞ս այն կիրականացնի, եթե Երևանն ու Բաքուն ընդունեն։ Նա անկեղծ պատասխանեց ՝ «իհարկե՝ ոչ»։ Այդ ժամանակ ինձ համար պարզ դարձավ, որ ԼՂ-ն երկկողմանի խնդիր չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, իրականում այն եռակողմ է, որում Ռուսաստանը առանցքային, եթե ոչ՝ որոշիչ դեր ունի»։ Հեղինակը գրում է, որ Աբխազիան, ԼՂ-ն, Հարավային Օսիան,Մերձդնեստրը, Արևելյան Ուկրաինան այն կոնֆիլտներ են, որ Մոսկվան կարող է լուծել, սակայն նախընտրում է տարբեր պատճառներով չանել դա։ Սակայն հիմնական պատճառն այն է, որ յուրաքանչյուր երկիր իրեն ազատ կզգա՝ թողնելով Մեծ արջին և փնտրելով այլ գործընկերներ»։

Հոգլանդը նշել է, որ Երևան ու Բաքու կատարած բազմաթիվ այցելությունների ընթացքում նա հասկացել է յուրաքանչյուր կողմ կանգնած է իր դիրքերում և դժվար թե դիտարկի որևէ փոխզիջում։ «Ես եկա եզահանգման, որ միայն պատերազմը վերջնական կլուծի Ղարաբաղի խնդիրը, սակայն այդ տեսակետը երբեք չեն հանրայնացրել»,- ասել է նա։

Անդրադառնալով վերջին պատերազմին ու զարգացումներին՝ նա հարցադրում է անում՝ արդյո՞ք դերակատարում մնում է Մինսկի խմբին։

«Հայաստանն ասում է այո, Բաքուն՝ ոչ։ Եվ Մինսկի խմբի կարգավիճակը կշարունակի մնալ անհայտ։ Օրինակ՝ հաստատված մանդատին կարող է ավելանալ վերակառուցումը։ Բաքուն ու Երևանն արդեն իսկ ճանաչում են, որ տարածաշրջանի ենթակառուցվածքների վերակառուցման կարիք կա։ Մինսկի խումբը կարող է մշակել պլան ու օգնել զարգացնել ԼՂ-ն։ Ակնհայտ է, որ դա հեշտ չի լինի, Իրանն ու Թուրքիան կցանկանան իրենց խոսքն ասել։ Բայց եթե Մինսկի խումբը չվերանայի իր առաքելությունը, դժբախտաբար՝ կմնա հետնախորշ միջազգային դիվանագիտության մեջ»,- եզրափակել է ամերիկացի դիվանագետը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ շարունակելու խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջազգայնին մանդատ ունեցող միակ ձևաչափ: