Արցախում տեղահանված քաղաքացիներին բնակեցնելու գործընթացը ժամանակավորապես դադարեցված է, քանի որ հյուրանոցներում ազատ սենյակներ չկան, տեղեկացնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Պատերազմի հետևանքով տեղահանված ԱՀ քաղաքացիներին 2020-ի նոյեմբեր ամսից սկսած ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը բնակեցնում է Ստեփանակերտի և ԱՀ շրջանների հյուրանոցներում և հյուրատներում:
Մինչ օրս Արցախի հյուրանոցներում և հյուրատներում բնակեցվել է մոտ 1200 քաղաքացի:
Հյուրանոցներում քաղաքացիները բնակեցվում են ըստ առաջնահերթության՝ հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքներ, զոհվածների ընտանիքներ, զինծառայողների ընտանիքներ, բազմազավակ ընտանիքներ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ավելի վաղ հայտնել էր, որ Արցախում 9000 ընտանիք չունի մշտական բնակության վայր։ Նա հավելել էր, որ դեռ մի քանի հարյուր կացարան է կառուցվել, առաջիկա ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար։
Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ մոտ 4000 տուն կառուցելու նախնական նախագծեր, որոշակի աշխատանքներ, պլանավորում արդեն կատարված է, և առաջիկա ամիսների ընթացքում ևս 2000 տուն կառուցելու նախագծեր կմշակվեն։