8 ապրիլի 2021 - 17:26 AMT
Պատգամավոր․ Չծառայածների համաներումը թույլ կտա մեծ մոբիլիզացիոն ռեսուրս ունենալ

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով 27 տարին լրացած չծառայածներին համաներելու նախագծին, կարծիք է հայտնել, որ դա թույլ կտա մեծ մոբիլիզացիոն ռեսուրս ունենալ։

Կառավարությունը հավանություն է տվել Արդարադատության նախարարության նախագծին, որով համաներում կհայտարարվի մինչև 2020-ի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայակազմերի պարտադիր զինծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքներից խուսափած անձանց համար։

Քոչարյանը նշել է, որ այդ երիտասարդներից շատերը պատերազմի ժամանակ բավականին բարդ իրավիճակում էին հայտնվել, որովհետև չէին կարող գալ, մասնակցել, իսկ նրանց վերադառնալն արդեն իսկ դառնում է երկրի համար ռեսուրս, տեղեկացնում է Factor.am-ը:

Պատասխանելով հարցին, թե ինչը կխանգարի նրանց նորից լքել երկիրը, արգելելո՞ւ են՝ Քոչարյանն ասել է․ «Չի արգելվելու, որ երկրից դուրս գան, բայց առաջարկ է արվելու։ Երբ նրանք քրեական հետապնդումից ազատվում են, պետության կողմից մոբիլիզացվելու դեպքում, արդեն չեն կարող գնալ, որովհետև քրեական հետապնդման են ենթարկվելու»,- ասել է նա։

Ըստ նրա` նման անձինք մեկ տարի ժամանակ կունենան գալու և պետության հետ իրենց խնդիրները լուծելու համար։ Նա նշել է, որ այդ երիտասարդներից շատերը հեռացել են երկրից դեռ երեխա ժամանակ, այսինքն դա նրանց որոշումը չի եղել, ծնողներն են տարել։ Նա հավելել է, որ պետությունը պետք է կարողանա այդ ներուժը կառավարել։

«Մեկ տարուց հետո արդեն լուրջ խստացումներ կլինեն։ Ծնողները պետք է հասկանան, որ հեռանալով երկրից, կարող են միջազգային հետախուզման մեջ հայտնվել և խնդիրներ ունենալ դրսում»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ հարկավոր է ծառայությունը ԶՈւ-ում գրավիչ դարձնել, որպեսզի ծնողները երեխաներին չտանեն երկրից:

Քոչարյանը հավելել է նաև, որ այդ երիտասարդներից շատերն արտերկրում հիանալի կրթություն են ստացել, և կարող են իրենց ավանդը բերել զինված ուժերին, թեկուզ «ցանցային ճանապարհով»։

«Երբ նրանք քրհետապդումից ազատվում են, արդեն մեր ԶՈւ տարբեր ծրագրերի մեջ կարող են օգտագործվել»,-ասել է պատգամավորը։

Կառավարությունում ընդգծել են, որ սա քաղաքական որոշում է։ Վարչապետը նշել է, որ սա նոր փուլ է՝ Սփյուռքի հետ հարաբերություններում նոր էջ բացելուն ընդառաջ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով` համաներում կստանան 5000-ից ավելի հետախուզման մեջ գտնվող ու 124 դատապարտված անձ։

ԱՆ-ն մշակել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը։