Պաշտպանության նախարարության մոտ ուղղաթիռ է բերվել՝ գիշերը ՊՆ-ում անցկացրած անձնակազմին դուրս բերելու համար:
Իրավիճակը լարվում է՝ ցուցարարները փորձել են կոտրել ՊՆ-ի դարպասները, տեղեկացնում է «Առավոտը»։
Անհետ կորածների ծնողներն ապրիլի 8-ի առավոտից շրջափակել էին Պաշտպանության նախարարությունը: Կեսգիշերին նրանց էին միացել նաև գերեվարվածների ծնողները:
ՊՆ-ի մոտ հսկայական ոստիկանական ուժեր են կենտրոնացվել: ՊՆ-ում է նաև ոստիկանապետ Վահե Ղազարյանը: Մինչ նախարարության շենք մտնելը՝ նա զրուցել է անհետ կորածների ծնողների հետ:
ՊՆ են եկել նաև պատգամավորներ՝ «Իմ քայլը» լքած Սոֆյա Հովսեփյանը և «Իմ քայլը» ներկայացնող Նարեկ Մկրտչյանը: Նրանք ցուցարարներին փոխանցել են, որ ՊՆ ներկայացուցիչները պատրաստ են իրենց պատվիրակությանն ընդունել ՊՆ-ի դահլիճում: Ցուցարարները հրաժարվել են՝ պահանջելով, որ Պաշտպանության նախարարը կամ ԳՇ պետն իրենք դուրս գան ցուցարարների մոտ:
ՊՆ դրոնը վերևից նկարում է ցույցը, իսկ շենքում այս պահին խորհրդակցություն է ընթանում:
Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում ասել էր, որ մեկ օր է ՊՆ շենքի մոտ են, սակայն ոչ ԳՇ պետն է իրենց մոտեցել, ոչ էլ նախարարը։«Դուք քայլեր արեցիք, որոնք ձեզ երբեք չեն ներվելու: Ով որ այս երկրում առհամարում է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին, ինքն այս երկրի կողմից այնպես կարհամարհվի, որ կմղկտաք»,-ասել է Արսեն Ղուկասյանը։
Ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։