11 մարտի 2009 - 12:27 AMT
Ղազախստանն առաջարկում է ԵվրԱսՏԸ երկրներում ընդունել վճարահաշվարկային նոր միավոր` եվրաս
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկում է եվրաս միասնական միջպետական անկանխիկ վճարահաշվարկային միավոր սահմանել Եվրասիական տնտեսական ընկերակցության երկրներում: «Այսօր ԵվրԱսՏԸ երկրները բոլոր հիմքերն ունեն նվազեցնելու համար գենետիկորեն թերի արժույթի ճգնաժամային ճնշումը մեր երկրների տնտեսությունների վրա` ինտեգրացիոն միավորման ներսում կարող է կիրառվել սեփական միասնական միջպետական ապազգային վճարահաշվարկային միավորը»,-ասել է Նազարբաեւը` ելույթ ունենալով Աստանայում ընթացող երկրորդ տնտեսական համաժողովում:

Ըստ Ղազախստանի նախագահի, նման արժույթի փոխարժեքը չպետք է կախված լինի համաշխարհային արժույթների տատանումներից: «Արժութային նոր համակարգը, չկոտրելով արդեն ձեւավորված արժութային համակարգերը, թույլ կտա վարել կայուն երկարաժամկետ ենթակառուցվածքային ներդրումային քաղաքականություն եւ կիրառել օպերատիվ ընթացիկ տրանսակցիաներ»,-գտնում է նախագահը:

Նազարբաեւը կարծում է, որ նման արժույթը «պետք է ապահովի կայուն ռիթմիկ տրանսակցիաների կատարում պետությունների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջեւ ԵվրԱսՏԸ-ի երկրների ներսում եւ նրանց միջեւ», իսկ էմիտացիայի նա պետք է ենթարկվի բացառապես ԵվրԱսՏԸ-ի երկրների եւ համաշխարհային ընկերակցության շահերից ելնելով:

Նազարբաեւը համաձայն չէ, որ միասնական արժույթի կիրառումը կարող է հանգեցնել միավորման մասնակից երկրների ինքնիշխանության կորստին: Հակառակը, գտնում է Ղազախստանի նախագահը, այդ գաղափարի մերժումը սպառնում է, առնվազն, երկրների տնտեսական ինքնիշխանությանը: «Նման օրինակներ համաշխարհային պատմության մեջ արդեն կան...Միայն միասնական ջանքերով հնարավոր կլինի նվազեցնել գլոբալ ճգնաժամի ավերիչ ճնշումը ԵվրԱսՏԸ-ի երկրների տնտեսությունների վրա»,-համոզված է Ղազախստանի ղեկավարը:

Նազարբաեւն առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել, որը կքննարկի ԵվրԱսՏԸ-ի շրջանակներում արժութային ֆինանսական միավորմանն առնչվող կոնկրետ հարցերը, եւ հայտարարել է, որ պատրաստ է ընդունել այդ աշխատանքային խմբին Ղազախստանում:

Նախօրեին Նազարբաեւն արտահայտվեց նոր համաշխարհային արժութային համակարգի ձեւավորման օգտին` վճարահաշվարկային նոր դրամական միավորով:

ԵվրԱսՏԸ-ի անդամ են Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, ինչպես նաեւ Հայաստանը, Մոլդովան ու Ուկրաինան դիտորդների կարգավիճակով: