11 մարտի 2009 - 14:58 AMT
Հայաստանում կընդունվի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագիր
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Օննո Էլդերենբոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տրածաշրջանում անվտանգությանը եւ կայունությանը, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը. ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել «Եւրոպական հարեւանության քաղաքականության» ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի` 2009-2011 թվականներին իրականացվելիք գերակա խնդիրների եւ առաջնահերթ միջոցառումների իրականացման ընթացքին: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կընդունի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագիր:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ մայիսին Երեւանում կայանալիք «Անվտանգությունը` Կովկասում» թեմայով միջազգային համաժողովին, հաղորդում է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակը: