11 մարտի 2009 - 18:54 AMT
Ռուս ալտահար Մաքսիմ Նովիկովը մենահամերգով հանդես կգա Երեւանում
Հայտնի ռուս ալտահար Մաքսիմ Նովիկովը մենահամերգով հանդես կգա Երեւանում: Համերգը տեղի կունենա մարտի 14-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին երաժիշտը հայտնել է, որ համերգը ունիկալ իրադարձություն կդառնա Երեւանի մշակութային կյանքում, քանի որ ալտահարների մենահամերգները բավական եզակի երեւույթ են:

Մաքսիմ Նովիկովը հայտնել է, որ համերգին կհնչեն Բախի, Մաքս Ռեգերի ստեղծագործությունները, եւ կկայանա հայ երգահան Վաչե Շարաֆյանի «Վի-ո-լա» նոր ստեղծագործության պրեմիերան:

Մաքսիմ Նովիկովն առաջին անգամ Կարեն Շահգալդյանի հրավերով Հայաստան է այցելել 2008թ. սեպտեմբերին: «Հայաստանում ես հոգեւոր հարմարավետություն եմ զգում: Այստեղ ես կարող եմ անգամ ավելի լավ աշխատել, քան Մոսկվայում: Հայաստանը տրամադրում է ստեղծագործելու եւ, ըստ երեւույթին, դրա համար էլ Հայաստանը լույս աշխարհ է բերում այդքան տաղանդավոր մարդկանց»,- ասել է բազմաթիվ մրցանակների դափնեկիր, ալտահար Մաքսիմ Նովիկովը: