Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին հղած շնորհակալական նամակում նշել է, որ լիակատար փոխվստահության և հարգանքի մթնոլորտում կայացած հանդիպումը Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման նոր ուղիներ նախանշեց:
Նա շնորհակալություն է հայտնել Վրաստան կատարած իր պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերված ջերմ ընդունելության, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ կառուցողական քննարկումների համար:
«Միանգամայն համաձայն եմ, որ մենք պատասխանատվություն ենք կրում հայ և վրացի ժողովուրդների գալիք սերունդների միջև հարաբերությունների ձևավորման համար: Ուրախ եմ արձանագրել, որ առկա են համատեղ հետաքրքրություններ ու խոստումնալից հեռանկարային փոխգործակցություն նոր տեխնոլոգիաների, կրթության և գիտության, ենթակառուցվածքների, արհեստական բանականության, էներգետիկայի, տրանսպորտի և մի շարք այլ բնագավառներում:
Հավատացած եմ, որ այցի շրջանակներում ձեռք բերված գործնական և արդյունավետ պայմանավորվածություններն առավել կխորացնեն մեր երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը՝ ի բարօրություն մեր եղբայր ժողովուրդների»,-ասվում է նամակում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 15-ին Վրաստանում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանն ասել էր, որ Հայաստանը մեծապես կարևորում է հարևան ու բարեկամ Վրաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը, և, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, պատրաստ է առավելագույն ջանքեր ներդնել երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։