23 ապրիլի 2021 - 17:09 AMT
Քոչարյան. Գալիս եմ իշխանության` արժանապատիվ խաղաղություն հաստատելու

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ անվտանգության հարցերում ոչինչ չի արվում։ Հանդիպման մասին տեսանյութը հրապարակվել է նրա ֆեսյբուքյան էջում։

Նա նշել է, որ «գալիս է իշխանության` արժանապատիվ խաղաղություն հաստատելու»։

«Պատերազմից անցել է վեց ամիս, դուք որևէ քննարկում մեր խորհրդարանում լսե՞լ եք անվտանգության հարցերի շուրջ, կառավարության որևէ որոշում տեսե՞լ եք, որը կվերաբերի մեր զինված ուժերին»,- ասել է նա։

Քոչարյանը նշել է, որ խոսում են ինչ-որ բարեփոխումների մասին, սակայն վտանգը պահանջում է բոլոր ռեսուրսների և ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ ազգի ռեսուրների մոբիլիզացիա։

«Հայաստանի իշխանությունը չի կարողանում տարբերել կարևորը ոչ կարևորից, առաջնայինը ոչ առաջնայինից»,- ասել է Քոչարյանը։

Նա նշել է, որ երկիրն այնպիսի վիճակում է, որ ամեն օր պատերազմի վտանգ կա և ամեն օր քայլեր պետք է ձեռնարկել այդ վտանգից խուսափելու, այն չեզոքացնելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին երկրում կայանլու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին։