11 մարտի 2009 - 19:59 AMT
«Յոթի գործը». Դատավորը պահանջում է պատժամիջոց կիրառել մեղադրյալներից մեկի իրավապաշտպանի հանդեպ
Այսօր` ժամը 12:00, Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավաբանության դատարանի շենքում սկսվեցին եւ գրեթե անմիջապես հետաձգվեցին 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված «յոթի գործի» լսումները: Երեկ գործի լսումները հետաձգվեցին Գրիգոր Ոսկերչյանի իրավապաշտպան Ստեփան Ոսկանյանի խնդրանքով: Ոսկերչյանի իրավապաշտպանը ներկա պահին գտնվում է Վրաստանում, քանի որ պաշտպանում է նաեւ «Միացյալ Ջավախք» կազմակերպության ակտիվիստներից մեկի` Վահագն Չախալյանի շահերը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր որոշում կայացրեց «յոթի գործով» անցնող Գրիգոր Ոսկերչյանի իրավապաշտպան Ստեփան Ոսկանյանի հանդեպ դատական պատժամիջոց կիրառելու մասին: Դատարանը Իրավաբանների պալատ է դիմել «յոթի գործով» դատական նիստերին չներկայանալու համար նրան պատասխանատվության ենթարկելու հայտով: Նա առանց դատին նախագահողի թույլտվության էր մեկնել արտասահման մեկ այլ դատական գործընթացի մասնակցելու համար եւ սահմանված կարգով հայտ չէր ներկայացրել դատական նիստը հետաձգելու համար:

Դատական նիստը կշարունակվի վաղը: Հիշեցնենք, որ այսօր, ինչպես եւ երեկ, դատարանում ներկա էր միայն մեղադրյալ Գրիգոր Ոսկերչյանը, քանի որ մնացած բանտարկյալները 10 օրով հեռացվել էին դատարանի դահլիճից դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի եւ դատական գործընթացը խախտելու համար: