24 ապրիլի 2021 - 11:02 AMT
Bloomberg. Բայդենն ասել է Էրդողանին, որ մտադիր է Ցեղասպանություն անվանել 1915-ի ոճիրը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտնել է նրան, որ մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը` իրազեկ աղբյուրին հղումով։

Սպիտակ տունը ավելի վաղ հաստատել էր, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահը հանդես կգա ուղերձով։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը և The New York Times-ը սեփական աղբյուրներին հղումով հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օրերս հայտարարել է, որ Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կարող են լրջորեն տուժել, եթե Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Ամեն տարի ապրիլի 24-ին կամ դրա նախօրեին Սպիտակ տունը հանդես է գալիս հայտարարությամբ հայ զոհերի Հիշատակի օրվա կապակցությամբ: Առ այսօր Սպիտակ տունը խուսափել է կիրառել «ցեղասպանություն» եզրույթը իր հայտարարության տեքստում՝ փոխարենը օգտագործելով «Մեծ Եղեռն», «աղետ», «ողբերգություն» բառերը: 2019-ի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ 2019-ի հոկտեմբերին բանաձև էր ընդունել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։

Photo. AP