24 ապրիլի 2021 - 14:43 AMT
Ալեքսիս Օհանյանը հուսով է` Բայդենը կճանաչի Ցեղասպանությունը․ «Չհիասթափեցնեք»

Հայտնի ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որն ապրիլի 24-ին է նշում իր ծննդյան օրը, հուսով է, որ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լավագույն նվերը կդառնա իր համար։

«Չհիասթափեցնեք ինձ, պարոն նախագահ»,- ասել է Օհանյանը։

Նա Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակած տեսաուղերձում նշել է, թե որքան կարևոր է հայ համայնքի համար Ցեղասպանության ճանաչումը, որի մասին հիշատակը փոխանցվում է սերնդեսերունդ։ Նա նշել է, որ թեև ԱՄՆ-ն քաղաքական դրդապատճառներով չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հուսով է, որ Բայդենը կանի դա։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը և The New York Times-ը սեփական աղբյուրներին հղումով հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Bloomberg գործակալությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտնել է նրան, որ մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ամեն տարի ապրիլի 24-ին կամ դրա նախօրեին Սպիտակ տունը հանդես է գալիս հայտարարությամբ հայ զոհերի Հիշատակի օրվա կապակցությամբ: Առ այսօր Սպիտակ տունը խուսափել է կիրառել «ցեղասպանություն» եզրույթը իր հայտարարության տեքստում՝ փոխարենը օգտագործելով «Մեծ Եղեռն», «աղետ», «ողբերգություն» բառերը: 2019-ի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ 2019-ի հոկտեմբերին բանաձև էր ընդունել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։