26 ապրիլի 2021 - 16:22 AMT
Հռոմի պապը ՀՀ-ին բուժսարքավորումներ է նվիրել Covid-19-ի դեմ պայքարի համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ՀՀ-ին բուժսարքավորումներ է նվիրել Covid-19-ի դեմ պայքարի համար։ Ապրիլի 25-ին Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Խոսե Բետանկուրն ու Աշոցքի Redemptoris կաթոլիկ հիվանդանոցի տնօրեն Կարիո Կուկարոլլոն, Երևանի կաթոլիկ համայնքի անդամների ներկայությամբ, օրհնել են բուժսարքավորումները, գրում է Vatican News-ը։

Այժմ կորոնավիրուսով հիվանդների տրամադրության տակ կլինի նաև նոր շտապ օգնության մեքենան՝ հագեցած արդիական բուժսարքավորումներով։

Կաթոլիկ հիվանդանոցի ղեկավարությունը նաև լրացուցիչ սարքավորումներ է գնել կորոնավիրուսով վարակվածների թեստավորման և բուժման համար։

Նոր սարքավորումները Հայաստան են տեղափոխվել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի և «Բարի սամարացու» հիմնադրամի համատեղ ջանքերով։