Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, նշել է, որ իր երկիրն ակնկալում է, որ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ ՌԴ հետ հետագա փոխգործակցությունը կշարունակվի, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հուսով ենք, որ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ հետ հետագա համագործակցությամբ ակտիվորեն աշխատանք կտանենք տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։
Ռազմական տեսակետից իավիճակը արդեն կարող ենք համարել նորմալացած, բայց քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և այլ առումներով, անշուշտ, դեռ շատ անելիք կա։ Մենք, բնականաբար, հուսով ենք, որ ՌԴ-ն որպես մեր բարեկամ, ռազմավարական գործընկեր, հարևան, երկիր, որի խաղաղապահ ուժերը գտնվում են Ադրբեջանի տարածքում, հետագայում ևս կնպաստի լարվածության նվազմանը»,- ասել է նա։
Ալիևը հավելել է, որ Բաքուն ակտիվ աշխատում է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ։
«Վերջերս տեղի է ունեցել ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ փոխվարչապետերի հանդիպումը, որտեղ, կարծում եմ, կարևոր քայլեր են արվել համատեղ հռչակագրր այդ կարևոր կետի՝ տրանսպորտային միջանցքների բացման, իրականացման առումով։ Մենք, մեր հերթին ակտիվորեն վերականգնում ենք երկաթուղային և ավտոճանապարհային ենթակառուցվածքները։ Նախանշել ենք կոնկրետ ժամկետներ»,-ասել է նա։
Մայիսի 10-ին Նախիջևան այցի ժամանակ Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և բացվելու է»։