12 մարտի 2009 - 20:10 AMT
Երեւանում մեկնարկում է դարթսի մրցաշարը
Երեւանում մեկնարկում է դարթսի մրցաշարը, որը կանցնի «սպորտը հանուն հավասար հնարավորությունների» կարգախոսով: Մրցաշարը նվիրված է մայրության եւ գեղեցկության օրվան եւ կանցնի ապրիլի 5-ին «No Problem» զվարճանքների կենտրոնում, որի նպատակն է ուշադրությունը հրավիրել հաշմանդամ կանանց խնդիրներին, մասնավորապես, սահմանափակ հնարավորություններով մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերին:
Մրցաշարի նախաձեռնողը «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունն է` «Արեւելքի առաքելություն» միջազգային կազմակերպության եւ Դանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:
Ի տարբերություն անցյալ տարվա մրցաշարի, այս տարի հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են սահմանափակ հնարավորություններով մարդկանց խնդիրներով, եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն միացան նաեւ պատվավոր հյուրեր:
Նշենք, որ սա դարթսի երկրորդ մրցաշարն է: Առաջինը անց է կացվել անցյալ տարի նույն կազմակերպիչների նախաձեռնությամբ: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել մրցաշարի կազմակերպիչ Զարուհի Բատոյանը, նման մրցաշարերը առաջին անգամը չէ, որ անց են կացվում, սակայն այս մրցաշարն առանձնահատուկ է: «Մեր կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարի ֆուտզալի մրցաշար է անցկացվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում, որն արդեն ավանդական բնույթ է կրում, անցկացվեց նաեւ սեղանի թենիսի մրցաշար: Սակայն դարթսի մրցաշարը հակտանշական է նրանով, որ մասնակցության հնարավորություն է տալիս հաշմանդամներին: Անցյալ տարի մենք անցկացրեցինք դարթսի առաջին մրցաշարը, որին մասնակցեց 60 մարդ: Այս տարի նախորդ տարվա մասնակիցներին միացան նաեւ հայտնի մարզիկներ եւ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ: Մեր նախաձեռնության հիմնական նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամների խնդիրներին: Մենք ցանկանում ենք մարդկանց գիտակցությանը հասցնել, որ հաշմանդամները եւս մեր հասարակության լիիրավ անդամներ են: Ուստի մեր բոլոր մրցաշարերն անց են կացվում «սպորտը հանուն հավասար հնարավորությունների» կարգախոսով»,-նշել է Բատոյանը: