12 մարտի 2009 - 21:38 AMT
Փարիզում տեղի է ունեցել Երեւանյան զբոսայգու բացման արարողությունը
Մարտի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոն Փարիզի կենտրոնում բացեցին Երեւանի պարտեզը, որը սկիզբ է առնում Կոմիտասի արձանի մոտից եւ տարածվում մինչեւ Ադամ Միցկեւիչի արձանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին հազարավոր հրավիրյալներ, որոնց մեջ էին Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի քաղաքացիական ծառայության հարցերով նախարար Անդրե Սանտինին, Սենատորներ եւ Ազգային ժողովի պատգամավորներ, պետական եւ քաղաքական գործիչներ, քաղաքապետեր, դիվանագետներ:
Բացման արարողության իր խոսքում Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոն ասաց, որ Փարիզի սրտում Երեւանի պարտեզի բացումը հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամական ու ջերմ հարաբերությունների, համակրանքի եւ փոխադարձ հարգանքի հերթական վկայությունն է եւ Փարիզի յուրահատուկ նվերը քույր քաղաք Երեւանին, Հայաստանին եւ հայ ժողովրդին` ի նշանավորումն նրանց հանդեպ տածած ջերմության ու Ֆրանսիայի զարգացման գործում հայրերի անգնահատելի ներդրման: Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը Երեւանի պարտեզի բացումը որակեց հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների պատմությամբ ստուգված բարեկամության եւս մեկ խորհրդանիշ: Նախարարը նշեց, որ Ֆրանսիայի ողջ տարածքում Հայաստանին եւ հայ ժողովրդին նվիրված հարյուրավոր հրապարակները, պողոտաները եւ փողոցներն եւ հուշարձանները վկայում են հայ-ֆրանսիական խորը կապերի մասին, իսկ Փարիզի կենտրոնում Երեւանի պարտեզը մեր ժողովուրդների առանձնահատուկ կապերի վկայությունն է, որը Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում Երեւանի անունը եւ հայկական ներկայությունը հավերժացնող վայր է դառնում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ելույթներից հետո Դպրոցասեր վարժարանի մանկական երգչախմբի կատարմամբ Էրեբունի-Երեւան երգի հնչյունների եւ հավաքված հոծ բազմության բուռն ծափահարությունների ներքո Էդվարդ Նալբանդյանը, Բերտրան Դելանոեն եւ Շառլ Ազնավուրը այգու կենտրոնում բացեցին Երեւանի պարտեզի անունը կրող ցուցանակը: Տոնական տրամադրությունը երկար ժամանակ իշխում էր պարտեզում, հնչում էին երգեր, ծածանվում հայ-ֆրանսիական եռագույն դրոշները:
Երեւանի պարտեզի բացման գաղափարը մի քանի տարի առաջ առաջարկվել էր Ֆրանսիայում նախկին դեսպան Էդվարդ Նալբանդյանի կողմից: Առաջարկությունը ընդունվել էր Փարիզի քաղաքային խորհրդի հատուկ որոշմամբ: