18 մայիսի 2021 - 17:21 AMT
Բեգլարյանին 50 մլն դրամ գրավի դիմաց բաց են թողել

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որը հետախուզման մեջ էր և որը մայիսի 17-ին կալանավորվել էր «Զվարթնոց» օդանավակայանում, ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացնելու համար ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը) նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, բացի այդ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծվել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետության պատճառված վնասին համարժեք գումար:

Նշվում է, որ, հաշվի առնելով նշված հանգամանքները, քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 50,000,000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո։