19 մայիսի 2021 - 14:18 AMT
ԱՄՆ-ն ու Լեհաստանն իրենց քաղաքացիներին հորդորում են չայցելել ՀՀ և ԼՂ և զգույշ լինել Ադրբեջանին սահմանակից ճանապարհներին

ԱՄՆ Պետդեպը հորդորել է իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ ՀՀ և ԼՂ այցելելուց, ինչպես նաև զգույշ լինել Ադրբեջանին սահմանակից ճանապարհներին։ Համապատասխան նախազգուշացումը հրապարակվել է Պետական դեպարտամենտի կայքում։

ԱՄՆ Պետդեպի զգուշացման մեջ որպես հիմնավորում նշվում է, որ ՀՀ-ում գրանցված է կորոնավիրուսով վարակների բարձր մակարդակ, ուստի ՀՀ համար սահմանվել է վտանգի 4-րդ աստիճան։

Արցախ և հարակից շրջաններ խորհուրդ է տրվում չմեկնել վերջին ռազմական գործողությունների պատճառով։ Զգուշացվում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո ևս շարունակում են միջադեպեր գրանցվել։

Նշվում է, որ ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ արտակարգ ծառայություններ մատուցել ԱՄՆ քաղաքացիներին՝ Լեռնային Ղարաբաղում և մերձակա տարածքներում։

Զգուշացվում է նաև, որ Ադրբեջանին սահմանակից ՀՀ ճանապարհների որոշ հատվածներ կարող են առանց նախազգուշացման հատել միջազգային սահմանները։

Նմանատիպ նախազգուշացում է արել նաև ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը։

«ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ շրջաններում վերջին իրադարձություններով և ՀՀ և Ադրբեջանի սահմանին լարվածությամբ պայմանավորված՝ Երևանում Լեհաստանի դեսպանութունը հորդորում է ՀՀ-ում գտնվող Լեհաստանի քաղաքացիներին չմեկնել Սյունիք»,-ասվում է գրառման մեջ։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։