20 մայիսի 2021 - 18:03 AMT
ՊՆ․ Ադրբեջանցիները Գեղարքունիքում կրակել են, պատասխանից հետո՝ ներողություն խնդրել

Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։

Ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը նախազգուշացնում են, որ նմանօրինակ միջադեպերի կրկությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ասել է, որ ՀՀ տարածքում այժմ 500-600 ադրբեջանցի զինծառայող կա և իրավիճակը լարված է մնում։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։