Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին:
Նա հավաստիացրել է, որ Եվրոպայի խորհուրդն իր մանդատի շրջանակում անելու է հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու երկու անդամ-երկրին՝ տարածաշրջանում հասնելու երկարաժամկետ խաղաղության ու բարգավաճման, և օգտագործելու է յուրաքանչյուր հնարավորություն` հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող հարցերը բարձրացնելու համար։
«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ հումանիտար և մարդու իրավունքների վիճակին: Իր հերթին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնել այն զեկույցների առնչությամբ, համաձայն որոնց՝ 2020թ. հակամարտության համատեքստում կալանավորված ոչ բոլոր անձինք են փոխանակվել»,- մասնավորապես նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:
Նա նաև տեղեկացրել է, որ ԵԽԽՎ միգրացիոն հանձնաժողովն այժմ պատրաստում է զեկույց «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» խորագրով:
Եվրոպական խորհրդարանը պահանջել է Ադրբեջանից անհապաղ և անվերապահ ազատ արձակել ԼՂ հակամարտության ընթացքում և դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիներին։ Բանաձեւն ընդունվել է 607 կողմ և 27 դեմ ձայնով։