24 մայիսի 2021 - 10:48 AMT
Արավուսցիների 42 խոշոր եղջերավորից 37-ն Ադրբեջանից հետ է բերվել

Արավուսցիների 42 խոշոր եղջերավորից 37-ը, որոնք անցել էին թշնամու կողմը, Ադրբեջանից հետ է բերվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տեղի համայնքապետարանը։

«Տեղ համայնքի Արավուս բնակավայրից 42 խոշոր եղջերավոր անասուն անցել էին թշնամու ձեռքը։ Մայիսի 23-ի վաղ առավոտից ՌԴ խաղաղապահների, համայնքի ղեկավար Ներսես Շադունցի, Առաջին բանակային կորպուսի հրամանատարի, Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում 37 անասու վերադարձվել է գյուղ»,-ասվում է գրառման մեև;

Նշվում է, որ մյուս 5-ի համար բանակցությունները շարունակվում են:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։