24 մայիսի 2021 - 18:10 AMT
Ռուս-թուրքական կենտրոնը ԼՂ գոտում միայն տեսողական դիտարկում է անում

Ղարաբաղյան հակամարտության գոտում գործող համատեղ ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը հետևում է հնարավոր խախտումներին բացառապես տեսողական դիտարկման միջոցներով։ Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ հունվարի 30-ից գործող կենտրոնը հետևում է հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցմանը։

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ Լավրովն ասել է․ «Այդպիսով, չնվազեցնելով առկա տարաձայնությունները Թուրքիայի հետ, զարգացնելով այդ երկրի հետ գործակցությունը, հետագայում ևս առաջնորդվելու ենք մեր ընդհանուր շահերի ռազմավարական տեսլականով։ Վստահ եմ՝ դա բխում է ինչպես ռուս, այնպես էլ թուրք ժողովրդների շահերից»։

Պատասխանելով հարցին, թե հաջողվե՞լ է արդյոք ջերմ հարաբերություններ պահպանել Հայաստանի հետ Ղարաբաղում վերջին պատերազմից հետո՝ Լավրովն ասել է, որ, անկասկած, հայ-ռուսական հարաբերությունները «կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ոգով»։