25 մայիսի 2021 - 10:39 AMT
Բայդենը՝ Ալիևին․ ԱՄՆ-ն հավատարիմ է ՄԽ շրջանակում ԼՂ խնդրի երկարաժամկետ քաղկարգավորմանը

ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ հավատարիմ է մնում ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ բանակցություններին նպաստելուն։ Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված շնորհավորական ուղերձում, գրում է Moscow-Baku.ru-ն։

«ԱՄՆ-ն վճռականորեն հավանություն է տալիս Ադրբեջանի ներդրմանը Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման գործում՝ 2020թ․ Հարավային գազային միջանցքի շահագործման և 2021թ․ Կասպից ծովում Թուրքմենստանի հետ համատեղ հանքավայրի հետախուզման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կապակցությամբ»,-ասվում է ուղերձում։

ԱՄՆ-ն նաև հույս է հայտնել, որ հակամարտությամբ և կորոնավիրուսի համավարակով աչքի ընկած տարուց հետո, Ադրբեջանը կհաղթահարի այդ դժվարությունները և «կդառնա էլ ավելի բարգավաճող պետություն ՝ հարգելով մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները և խաղաղ գոյակցելով հարևանների հետ»։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հայտարարել էր, որ Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում։ Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Արցախի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, որին և շարունակում է սատարել հայկական կողմը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար կրկնում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը «լուծված է»։