Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով կառավարությանը ջանքեր գործադրել, որպեսզի Եվրամիությունը պահանջի Ադրբեջանից անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է տեղեկացրել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։
Բանաձևն ընդունվել է ձայների գերակշիռ մեծամասնությամբ։
«Պալատը, լսելով քննարկումները, արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք, նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը, կոչ է անում կառավարությանը պնդելու (Եվրոպական) Խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջին։ Եվ անցնում է օրակարգի հարցերին»,- ասվում է գրառման մեջ։
Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։