23 հունիսի 2021 - 18:51 AMT
Ավինյանը՝ Օձունի համայնքապետին ծեծելու մասին․ Քաղպաշտոններին պետք է լինեն քաղաքական մարդիկ, որոնք կառավարող ուժի հայացքների են

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Օձունի համայնքապետին Լոռու մարզպետարանի շենքում ծեծի ենթարկելուն, ասել է, որ մանրամասների չի տիրապետում, բայց կարող է վերահաստատել 2018-ից իրենց քաղաքական ուժի կողմից բռնության անթույլատրելիության վերաբերյալ սկզբունքը։

Այն հարցին, թե քաղաքական այլ հայացքներ ունեցող աշխատակիցների պաշտոնազրկումը կվերանայե՞ն՝ Ավինյանը պատասխանել է, որ շատ կարևոր է հասկանալ, թե որ պաշտոններին ինչ քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ պետք է լինեն, գրում է «Առավոտը»։

«Քաղաքական պաշտոններին պետք է լինեն քաղաքական մարդիկ, որոնք ունեն այնպիսի քաղաքական հայացքներ, ինչպիսին կառավարող քաղաքական ուժինն է։ Որովհետև շատ կարևոր է, որ քաղաքական պաշտոնների մարդիկ նույն ուղղությամբ տանեն պետական համակարգը և քաղաքականությունը մշակեն այն ուղղությամբ, որի մանդատը կառավարող ուժը ստացել է։

Եվ այստեղ, կարծում եմ, շատ կարևոր է հասկանալ՝ որ պաշտոնների մասին է խոսքը գնում։ Եթե խոսքը գնում է քաղծառայողների մասին, որը պրոֆեսիոնալ գործունեություն է և չի ենթադրում քաղաքական հայացքներ ունենալ, նույնիսկ օրենքով չի ենթադրում, համոզված եմ՝ այդտեղ միայն պրոֆեսիոնալիզմն է լինելու սկզբունքը, որի հիման վրա պիտի ընտրվեն այդ ծառայողները և առաջխաղացում ունենան, իսկ քաղաքական պաշտոններին պիտի նշանակվեն քաղաքական մարդիկ»,-ասել է Ավինյանը։

Ավելի վաղ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հաստատել է, որ հանդիպել է համայնքների ղեկավարների հետ, սակայն աշխատանքից ազատման պահանջ վերջիններիս չի ներկայացրել, գրում է «Առավոտը»։

«Մենք առանձին-առանձին համայնքապետերի հետ քննարկում ենք ունեցել, իրենք գնացել են: Այն ինչ-որ ԶԼՄ-ները ներկայացրել են՝ իրականությանը չի համապատասխանում»:

Մինչդեռ, Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը պատասխանելով հարցին, թե իր և Լոռու մարզպետի միջև եղե՞լ է ծեծկռտուք, հաստատել է. «Եղել է, հիմա մնացածը նախաքննությունը կպարզի, չեմ կարող ինչ-որ բան ավելացնել»,- ասել է Տիտանյանն ու հավելել, որ այժմ ինքը գտնվում է հիվանդանոցում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԻՊ-ին է դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել Լոռու մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ։ Ըստ Գևորգյանի` Օձունի ղեկավարը հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, որից հետո այն չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:

Օձուն համայնքի ղեկավարը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: