Moderna ընկերությունը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութն արդյունավետ է այդ վարակի բոլոր տարբերակների, այդ թվում՝ առավել վարակիչ համարվող «դելտա» շտամի դեմ, որը նաև հայտնի է որպես հնդկական։
Moderna-ն փոխել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի անունը։ Այն կկոչվի Spikevax։
«Moderna-ով ( Spikevax) պատվաստվելու դեպքում արտազատվում են բոլոր տարբերակների դեմ հակամարմինների չեզոքացնող տիտրեր, այդ թվում «դելտա» շտամի դեմ»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, գրում է «Ինտերֆաքսը»։
Այդպիսով, ըստ հետազոտության, «դելտա» տարբերակի դեպքում նկատվում է միայն «չեզոքացնող տիտրերի աննշան կրճատում»։
Ընկերության ղեկավար Ստեֆան Բանսելն ասել է, որ «նոր տվյալներն ուրախացնում են և հաստատում այն վարկածը, որ Moderna ընկերության պատվաստանյութը կպաշտպանի նոր հայտնաբերվող տարբերակներից»։
Ըստ Բանսելի, այդ տվյալները հաստատում են բնակչության պատվաստումները շարունակելու կարևորությունը։
Ընկերությունում նաև ասել են, որ հունիսի 29-ին Հնդկաստանում, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է «դելտա» շտամը, հավանություն են տվել Moderna ընկերության պատվաստանյութին 18-ից բարձր տարիքային խմբում շտապ կիրառման համար։
Moderna ընկերությունը, որի հիմնադիրն է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը, մշակել է կորոնավիրուսի դեմ այն երեք պատվաստանյութերից մեկը, որը հավանություն է ստացել ԱՄՆ-ում կիրառվելու համար։