Կառավարությունը միջոցներ կներդնի ՓՄՁ աջակցության ներդրումային հիմնադրամում։ Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում` տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսական գործիքների կիրառումը և կապիտալի շուկաների զարգացումը խթանելու նպատակով:
Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ներկայումս «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ֆոնդի կողմից արդեն մոտ 31 մլն դոլար է ներգրավվել:
Ֆոնդն իր գործունեությունը սկսել է 2020-ի հունվարից։
Ըստ նախարարի տեղակալի՝ Նիդերլանդների զարգացման բանկը (FMO) պատրաստակամ է 7 միլիոն դոլարի չափով ներդրում կատարել՝ պայմանով, որ ֆոնդի չափը իր կողմից ներդրում կատարելուց հետո մինչև հուլիսի 20-ը կլինի առնվազն 45 միլիոն դոլար:
ՀՀ կառավարության կողմից ակնկալվող առնվազն 7 մլն դոլար ներդրումը հնարավոր կդարձնի FMO-ի ներգրավվածությունը, որը կստեղծի մուլտիպլիկատիվ էֆեկտ ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև կնպաստի ֆոնդի համար այլ ներդրողների ներգրավմանը, ինչն իր հերթին կհանգեցնի հավելյալ միջոցներ ՀՀ տնտեսության մեջ ներգրավելուն։
Ըստ այդմ՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է 3 մլն դոլարի չափով մասնակցություն, իսկ մնացած 4 մլն դոլարին համարժեք ՀՀ դրամը կներդնի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը:
Հիմնավորման համաձայն, ՀՀ-ում ներկայում գրեթե բացակայում են բիզնեսի ֆինանսավորման այնպիսի այլընտրանքային գործիքներ, ինչպիսիք են մասնավոր բաժնեմասային ֆոնդերը և բորսայում ցուցակման ինստիտուտը: Բիզնեսի ֆինանսավորման հիմնական աղբյուրը բանկային վարկն է, որն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր:
Տնտեսավարող սուբյեկտները հաճախ ի վիճակի չեն լինում ֆինանսավորել ընդլայնման նախագծերը կամ շրջանառու միջոցները բանկերի միջոցով մի շարք պատճառներով, որոնցից են՝ գրավադրման համար ակտիվների պակասը, ակնկալվող դրամական հոսքերի անկանխատեսելիությունը, բարձր տոկոսադրույքները և այլն: