9 հուլիսի 2021 - 12:25 AMT
Խուզարկում են Որոտանի համայնքապետի բնակարանը

Սյունիքի մարզի Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանի բնակարանում, ինչպես նաև գյուղապետարանում, խուզարկություն է իրականացվում։

Սուրեն Օհանջանյանն ասել է, որ խուզարկությունը մեկնարկել է առավոտյան ժամը 09։00-ից և մինչ այս պահն ընթանում է, գրում է «Փաստինֆոն»։

«ՔԿ աշխատակիցներն են խուզարկություն իրականացնում։ Ընտրության հետ կապված կաշառքի գործով են խուզարկություն կատարում, թե իբր կաշառք եմ տվել, կաշառք եմ վերցրել, ինչ եմ արել»,-ասել է Օհանջանյանը՝ հավելելով, որ խուզարկությունն իրականացնում են դատարանի թույլտվությամբ։

Հուլիսի 8-ին խուզարկություններ են իրականացվել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանում, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Խուզարկություններից հետ Մանվել Փարամազյանը և կոմբինատի իրավաբանը բերման են ենթարկվել, պղնձամոլիբդենային կոմբինատի ևս մեկ աշխատակից ձերբակալվել է։