16 հուլիսի 2021 - 11:58 AMT
ՀՀ և Իտալիան 2021-ին ռազմական գործակցության պլան են ստորագրել

2021թ. Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմ ռազմական համագործակցության պլան է ստորագրվել, որով նախատեսվում է տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում իրականացնել 11 միջոցառում ՀՀ-ում և Իտալիայում:

Հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-իտալական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի Պաշտպանական գլխավոր շտաբի Միջազգային հարաբերությունների գրասենյակի ղեկավար, բրիգադի գեներալ Դեյվիդ Մորպուրգոյի գլխավորած պատվիրակությունները, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Որոշում է կայացվել, համավարակով պայմանավորված սահմանափակումներից անկախ, առողջապահական նորմերը պահպանելով վերսկսել նախորդ տարվանից ընդհատված համագործակցության միջոցառումների անցկացումը:

Միջոցառումները վերաբերում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակմանը, անձնակազմի պատրաստությանը և ռազմաքաղաքական խորհրդակցությունների շարունակմանը: