Ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին փոխանցված Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը ադրբեջանցի զինծառայողների կողմից ենթարկվել է ծեծի և անմարդկային վերաբերմունքի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով նախնական տվյալներով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը:
Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը»,-ասվում է գրառման մեջ
Նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին:
«Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա»,-ասվում է Ստեփանյանի գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի Մարտունու շրջանի գերեվարված բնակիչը, որը մոլորվել էր և հայտնվել ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող տարածքում, վերադարձվել է հայկական կողմին։ Այդ մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։ Նրան վերադարձրել են ռուս խաղաղապահների միջամտությամբ։
Գերեվարվածը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։