6 օգոստոսի 2021 - 10:40 AMT
ՊՆ ղեկավարը խիստ հանձնարարել է բացառել հակառակորդի առաջխաղացման ցանկացած փորձ

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նախարարին կից կոլեգիայի նիստում խիստ հանձնարարական է տվել բացառել հակառակորդի առաջխաղացման կամ դիրքային բարելավման ցանկացած փորձ:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը, հակառակորդի կողմից իրականացվող սադրանքներին և դրանց հակազդելու քայլերին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Կոլեգիայի նիստին քննարկվել է նաև ձմռան հետ կապված նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Կարապետյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է սեղմ ժամկետներում լուծել առկա բոլոր խնդիրները և ապահովել պատշաճ պայմաններ՝ ձմեռային պայմաններում անձնակազմի լիարժեք ծառայության համար։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նիստի մասնակիցներից պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերի բարեփոխումները հնարավորինս արագ և արդյունավետ կյանքի կոչելու համար։

Հայկական ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում կասեցվել է հակառակորդի ԱԹՍ-ի մուտքի փորձը ՀՀ օդային տարածք։Փորձն արձանագրվել է օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում: