9 օգոստոսի 2021 - 13:27 AMT
Գրիգորյանը Զասին ներկայացրել է Սյունիքում և Գեղարքունիքում իրադրությունը

ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը, ընդունելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, ներկայացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈւ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները՝ այդ թվում Նախիջևանի տարածքից։

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակում Գրիգորյանն ուշադրություն է հրավիրել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող սպառնալիքներին։ Երկուստեք շեշտվել է իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։

Հանդիպմանն անդրադարձ է արվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։

Կողմերն անդրադարձել են նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանը։

Գրիգորյանը տեղեկացրել է հայկական նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ առաջնահերթություններից են լինելու կազմակերպության արդյունավետության բարձրացումը և անդամ պետությունների կարիքներին ժամանակին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը։

Զասն իր հերթին ընդգծել է ՀԱՊԿ կատարելագործման կարևորությունը և վստահեցրել, որ կազմակերպության աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը՝ հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զասի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում է երկօրյա այցով։ Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետի, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, ինչպես նաև այց ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ։