ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը, խորհրդարանում ներկայացնելով հանձնաժողովի ապագա գործունեությունը, առաջնային խնդիրներից է համարել բանակը քաղաքականությունից հեռու պահելը։ Ըստ նրա՝ դա պետք է արվի «ցանկացած գնով»։
Անդրադառնալով մարտի 1-ի հիշատակումներին, նա ասել, թե, մարտի 1-ը դեռ բացահայտված չէ «նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ջանքերով, որովհետև գործի այդ հատորները մնացին ժողովրդին անհասանելի»։
«Գնացին, ՍԴ-ում իրենց սիրելի Հրայր Թովմասյանի և մյուսների աջակցությամբ կարողացան 300.1-ը հանել»,- ասել է նա՝ հավելելով, որ միևնույն է, մարտի 1-ին նորից է անդրադարձ լինելու, գուցե այլ դրվագներով։
Քոչարյանը խոսել է նաև անվտանգության համակարգի ամբողջական վերականգնման, բանակի հզորացման անհրաժեշտության մասին։ Այդ տեսակետից նա կարևորել է ոչ միայն նորագույն սպառազինության ձեռքբերումը, այլև զինվորականների արժեհամակարգի փոփոխությունը, «հաղթանակի ու պարտության մասին առողջ պատկերացումները»։
Քոչարյանը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի գլխավոր առաջնահերթություններից համարեց նաև ԶՈւ-ում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը։ Նա ասել է նաև, թե բոլոր այն անձինք, որոնք «տասնամյակներով թալանել են բանակը, պետք է պատասխան տան»,- նշել է նա։
Անդրադառնալով ընդդիմության կողմից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի մասին ընդդիմադիրների հիշատակումներին՝ Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Վիգեն Սարգսյան վերադարձիր տուն, որովհետև քո 1000 դրամների ծրագիրը ոնց որ թե այնպես է նկարագրվում, որ քո գրպանից է դրվում, այլ ոչ թե ժողովրդի հավաքած գումարների»։
Նա նաև վերադառնալու կոչ է արել ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանին՝ հավելելով, որ թե ՊՆ նախկին ղեկավարները պետք է ՀՀ-ում լինեն, քանի որ մեծ գաղտնիքների են տիրապետում։