18 օգոստոսի 2021 - 14:41 AMT
Կալիֆորնիայի և Սյունիքի միջև եղբայրական հարաբերություններ հաստատելու մասին բանաձև կա

Կալիֆորնիայի վեհաժողովի անդամ Քրիս Հոլդենն օգոստոսի 17-ին բանաձև է ներկայացվել Հայաստանի Սյունիքի մարզի և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի միջև եղբայրական հարաբերություններ հաստատելու մասին։

Բանաձևով համերաշխություն է հայտնվում Սյունիքին և նշվում է, որ նահանգը նպաստելու է փոխշահավետ կրթական, տնտեսական և մշակութային փոխանակումներին: Բանաձևի համահեղինակներից է նաև Վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանը, որին միացել են Վեհաժողովի մի շարք անդամներ և սենատորներ։

«Հազարամյակներ շարունակ Սյունիքը մեծ պատմական և մշակութային նշանակություն է ունեցել Հայաստանի և աշխարհի համար։ Սյունիքի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը տեղի է ունենում կրիտիկական պահին, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի նման երկրները վտանգ են ներկայացնում նրա գոյությանը», - ասել է Հոլդենը, գրում է Asbarez-ը։

Ամերիկայի Արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանը ողջունել է բանաձևը՝ նշելով, որ «այն հզոր ազդակ է Բաքվին, որ նրա ոճրագործ գործողություններն անթույլատրելի են և որ բախվելու է աճող միջազգային ճնշման հետ»։

Բանաձևի տեքստում մասնավորապես ասվում է․

«Հաշվի առնելով, որ 2021 թ․ մայիսի 12-ին ադրբեջանական զինուժը ներխուժել է ՀՀ և 3,5 կիլոմետր խորացել Սյունիքի տարածքում՝ ամբողջությամբ գրավելով Սև լիճը: Հաջորդ օրն ադրբեջանական զինուժը խախտել է սահմանի երկու այլ հատվածներ և գրավել Հայաստանի ավելի շատ տարածքներ,

Ադրբեջանի ապօրինի ներկայությունը Սյունիքում շարունակվում է՝ սպառնալով Հայաստանի ինքնիշխանությանը և այնտեղ ապրող մարդկանց,

Հաշվի առնելով, որ, ճանաչելով Սյունիքի մարզի որոշ տարածքների ադրբեջանական օկուպացիան, որին սատարում է Թուրքիան, Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը ցանկանում է ՀՀ Սյունիքի մարզը ճանաչել քույր նահանգ,

Կալիֆորնիայի Վեհաժողովը որոշում է, որ Օրենսդիր մարմինը Կալիֆորնիայի ժողովրդի անունից հրավիրում է ՀՀ Սյունիքի մարզին դառնալ Կալիֆորնիայի քույր նահանգը մինչև 2026 թ․ հունվարի 1-ը՝ խթանելու համար երկկողմ կրթական, տնտեսական և մշակութային փոխանակումը․․․»։