Ադրբեջանցի զինծառայողները քիչ առաջ փակել են նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը (լուսանկարի հատվածն է): Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հավելելով, որ փաստը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ:
Սա միջպետական ճանապարհ է, որով ապահովվում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապը մարդկանց բնականոն կյանքի հետ:
«Ադրբեջանական զինված ծառայողների այս հանցավոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Ինքնին նրանց ներկայությունն այդ ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի և միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների խախտում է:
Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղին մոտ (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը ադրբեջանական զինված ծառայողների կողմից օգոստոսի 25-ի 23:00-ի սահմաններում փակելուց հետո այս հատվածով նույնպես մարդկանց տեղաշարժը դադարեցված է»,-ասվում է գրառման մեջ:
Օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ Այդ մասին տեղեկացրել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։