ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանային իրադրությանը, հայտարարել է, որ սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ չկան։
«Այս պահի դրությամբ ընթանում են բանակցություններ, որոնց արդյունքները ցույց կտան պաշտոնական Բաքվի պայմանավորվելու ունակության աստիճանը, ինչպես նաև վերջինիս պատրաստակամությունը՝ հրաժարվելու միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտմամբ արհեստական օրակարգ նախաձեռնելու քաղաքականությունից: Եթե Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և դուրս բերի զորքերը ՀՀինքնիշխան տարածքից, այսինքն՝ վերադառնա այս տարվա մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր, ապա բարենպաստ պայմաններ կստեղծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու համար»,-ասել է նա։
Միրզոյանը հավելել է, որ բանակցություններն ընթանում են ռուսական կողմի անմիջական մասնակցությամբ, և հայկական կողմը հուսով է, որ այդ հարցի լուծումը հնարավոր կլինի այնպիսի քննարկումների ընթացքում, որի պարագայում միջնորդ երկրներին կամ միջազգային կազմակերպություններին դիմելու անհրաժեշտություն չի լինի:
Խոսելով Ադրբեջանի հետ սահմանին ռուս սահմանապահների և ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման մաիսն ՀՀ առաջարկի մասին՝ Միրզոյանն ասել է, որ այդ նախաձեռնությունները պետք է դիտարկել որպես ադրբեջանական կողմի ռազմատենչ նկրտումների զսպմանն ու արյունահեղությունից խուսափելուն ուղղված քայլ։ «Մայիսի 12-ից մենք բախվեցինք մի իրավիճակի, երբ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները ներթափանցեցին ՀՀ ինքնիշխան տարածք, ինչը լի է պայթյունավտանգ հետևանքներով։ Դա անթույլատրելի է և իրավիճակը պետք է հանգուցալուծվի Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ստորաբաժանումների անհապաղ և անվերապահ դուրս բերմամբ»,-ասել է նա։
ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանն իր առաջին արտասահմանյան այցը կատարել է ՌԴ, որտեղ հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ընթերցեք նաև․ Միրզոյան․ Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումը