ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նորանշանակ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ընդգծվել է «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ hամաձայնագրի ստորագրման և արդյունավետ կիրարկման կարևորությունը։
Միրզոյանը և Աբդոլլահիանը հույս են հայտնել, որ միասնական ջանքերով առավել կզարգացնեն դարավոր բարիդրացիական կապերի վրա հիմնված hայ-իրանական համընդգրկուն հարաբերությունները։
Կողմերը հանգամանալից անդրադարձել են երկկողմ և բազմակողմ հարթակներում երկու երկրի միջև հաստատված արդյունավետ գործակցությանը։ Առանձնակիորեն ընդգծվել են տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հեռանկարները: Այս առումով շեշտվել է Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ։
Արարատ Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով նմանօրինակ գործելաոճի անթույլատրելիությունը, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը: