13 սեպտեմբերի 2021 - 10:27 AMT
ԱԱԾ․ Ադրբեջանցիները Որոտանի մոտ ստուգում են իրանական բեռնատարները

Սեպտեմբերի 12-ին` ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարներիվարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,-ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել։

Մինչ այդ ադրբեջանական զինուժը փակել էր Գորիս-Կապան ճանապարհը։ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրերը կտրվել էին մարզկենտրոնից ու մայրաքաղաք տանող գլխավոր ճանապարհներից։ Ճանապարհեը բացվեց ռուս խաղաղապահների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների արդյունքում։