ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի հսկողությանն անցած տարածքներից տեղահանվածների տվյալները։
«Պատերազմի հետևանքով ունենք մոտ 42,000 տեղահանված, որոնցից 38,154 քաղաքացի զրկվել է բնակավայրից ու անշարժ գույքից։ Տեղահանվածներից 15,000-ը Ստեփանակերտում է, 5000-ը՝ Արցախի շրջաններում։ Տեղահանված ու ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատածները 20,717-ն են, նրանց 30 տոկոսը բնակություն է հաստատել Երևանում, 70-ը՝ մարզերում», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։
Նրա խոսքով՝ Արցախի ենթակառուցվածքներին պատճառված վնասը նույնպես մեծ է․ հեռահաղորդակցության ոլորտը, միայն նախնական տեղեկություններով, 42,600,000 դրամից ավելի վնաս է կրել, լրջորեն տուժել է 1226 տնտեսվարող սուբյեկտ, որոնք գործունեություն էին իրականացնում Ադրբեջանի կողմից զավթված տարածքներում։ Էներգետիկ համակարգում 36 գործող ՀԷԿ-երից մնացել է միայն 6-ը։
ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի կազմակերպած քննարկումը նվիրված էր Արցախի քաղաքացիների, թշնամու կողմից օկուպացված տարածքների բնակիչների իրավունքների պաշտպանությանը։