ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ տրամադրված պարգևավճարների գումարն ամբողջությամբ՝ 10,740,000 դրամ, «Հայաստան» խմբակցությունը փոխանցել է Արցախում զինվորների համար գործող՝ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն։ Այդ մասին ասվում է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ։
«Հայաստան» խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ պետական, քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին պարգևատրում տրամադրելու` ակնհայտ անհամաչափ և սոցիալ-տնտեսական այս բարդ պայմաններում խայտառակ պրակտիկան անընդունելի է: Հայտնել էինք, որ այս հարցով նախապատրաստվելու է Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմում: Տեղեկացնում ենք, որ այս ընթացքում քննարկվել էր նաև պատգամավորներին 250,000 դրամ փոխհատուցման վճարի տրամադրման մասին վերջերս ընդունված օրենքի խնդիրը:
Արդյունքում` արդեն մշակվել է պարգևատրումների և պատգամավորներին հատկացվող 250,000 դրամ փոխհատուցման վճարի վերաբերյալ ՍԴ դիմումը և պատգամավորների 1/5-րդի ստորագրությունների պատրաստ լինելուն պես կմուտքագրվի Սահմանադրական դատարան»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԺ յուրաքանչյուր պատգամավորի հաշվին պետբյուջեից 381,000-ական դրամ պարգևավճար է փոխանցվել։ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հայտարարել է, թե դա «սիմվոլիկ պարգևատրում է» անկախության 30 ամյակի կապակցությամբ։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարեցին, որ չեն վերցնելու պարգևավճարները՝ ուղղելու են սոցիալական ծրագրերի։