Իրանը պատրաստ է աջակցել Սյունիքում շրջանցիկ ճանապարհի կառուցմանը։ Այդ մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման փոխնախարար Հեյրոլլա Հադամին՝ Հայաստան այցից հետո։
Խոսքը Տաթևով անցնող ճանապարհն ավարտին հասցնելու մասին է, որն այլընտրանք կդառնա Գորիս-Կապան ճանապարհին, որի մի հատվածը Ադրբեջանի հսկողության տակ է։
«Մենք բանակցում ենք հայկական կողմի հետ, որպեսզի բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումներն այդ ճանապարհով որքան հնարավոր է շուտ կարգավորվեն։ Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար»,-ասել է փոխնախարարը, գրում է IRNA գործակալությունը։
Տաթևով անցնող ճանապարհի շինարարությունն ավարտին հասցնելուց հետո, որի մոտ 15 կմ կառուցված չէ, Իրանը ՀՀ հետ ճանապարհ կունենա՝ առանց Ադրբեջանի հսկողության տակ գտնվող ճանապարհատավածը հատելու։
Ադրբեջանի զինված ուժերն օգոստոսի վերջին մի քանի օրով փակել էին Երևան-Մեղրի-Իրանի սահման միջպետական Մ2 ճանապարհը Որոտանի հատվածում, կանգնեցնում և զննում էին իրանական բեռնատարները։ Իրանցի երկու վարորդ ձերբակալվել է։ Այդ օրերին որպես միակ շրջանցիկ ճանապարհ օգտագործվում էր Տաթև-Կապան ճանապարհը, որը հատկապես Իրանից եկող խոշոր բեռնատարների համար դժվարանցանելի էր։