Համաշխարհային բանկը գրեթե կրկնապատկել է Հայաստանում 2021 թվականի տնտեսական աճի կանխատեսումը՝ ՀՆԱ-ի աճը կանխատեսված 3.4%-ից հասցնելով 6.1%-ի: Այդ ցուցանիշն արտացոլված է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետկորոնավիրուսային վերականգնման վերաբերյալ ՀԲ զեկույցում։
ՀՀ-ում տնտեսության ակնկալվողից ավելի արագ վերականգնումը կապվում է սպառողական աճի, զբոսաշրջիկների ներհոսքի, պետական ֆինանսավորմամբ կապիտալ շինարարության և պղնձի համաշխարհային գների աճի հետ։
ՀԲ զեկույցում ասվում է, որ 2021-ի առաջին կիսամյակում գրանցված տնտեսության վերականգնումը խթանել է տնտեսական ակտիվությունը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նոր ձևավորվող շուկաներ և զարգացող տնտեսություն ունեցող երկրներում, և, կանխատեսումների համաձայն, 2021թ տարածաշրջանային տնտեսության աճը կլինի սպասվածից բարձր, այն է՝ 5.5 տոկոս։
Կանխատեսվում է, որ 2022թ. տարածաշրջանային աճի տեմպը կդառնա չափավոր և արտաքին ու ներքին պահանջարկի կայունացման և համավարակի առնչությամբ տրամադրվող աջակցության դադարեցման պայմաններում կկազմի 3.4 տոկոս: Կանխատեսումը մնում է չափազանց անորոշ՝ հաշվի առնելով, որ համավարակը պահպանվում է, հատկապես պատվաստանյութի անհավասար հասանելիության և պատվաստում ստանալու խնդրում մարդկանց տատանողականության պայմաններում:
Նշվում է նաև, որ տարածաշրջանային վերականգնումը ուղեկցվում է արագորեն մեծացող գնաճով և պահպանում է իր խոցելիությունը ֆինանսական սթրեսի նկատմամբ, որը կարող է ի հայտ գալ արտաքին ֆինանսավորման պայմանների կտրուկ խստացման կամ քաղաքականությունների անորոշության և աշխարհաքաղաքական լարվածությունների շեշտակի խորացման արդյունքում: