11 հոկտեմբերի 2021 - 12:04 AMT
Փաստաբաններ․ Տոնոյանը, տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի, այն չի օգտագործում սեփական պաշտպանության համար

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ պաշտոնից ազատվելուց հետո Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական հարաբերությունների շահերը: «Այսօր ևս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից և տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել:

«Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» և «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին: Նա պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար»,-ասվում է փաստաբանների տարածած հայտարարության մեջ:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը, որն ավելի հայտնի է որպես «Պատրոն Դավո», կալանավորվել են հրթիռների գործով՝ 2.3 մլրադ դրամ հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեղադրանքով։