11 հոկտեմբերի 2021 - 14:49 AMT
Նախագիծ․ Չպատվաստված կամ չթեստավորված անձանց չի թույլատրվի աշխատանքի գնալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, ըստ որի կորոնավիրուսի դեմ չպատվաստված կամ չթեստավորված անձնաց չի թույլատրվի ներկայանալ աշխատանքի։

Առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարել լրացումներ և փոփոխություն։

Ըստ նախագծի՝ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը աշխատողի կողմից չներկայացնելու դեպքում, գործատուն աշխատողին չի թույլատրում գտնվելու աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային պարտականությունները և չի վճարում աշխատավարձ մինչև այդ մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը»։

Եթե նախագիծն ընդունվի, գործատուին իրավունք կվերապահվի աշխատանքից ազատել աշխատակցին, եթե վերջինս ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր իր աշխատանքային պարտականությունները չի կատարել։

Առաջարկվող կարգավորումները չեն տարածվում ՀՀ նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակված չպատվաստված քաղաքացիների բուժումը կարող է դառնալ վճարովի, սակայն սա դեռ փոփոխություն չէ, դեռ քննարկման փուլում է՝ ասել է առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։ Եթե որոշումը կայացվի, այն կիրառության մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։ Խաչատրյանն ասել է, որ ստացիոնար բուժման միջին արժեքը մինչև 800,000 դրամ է։