11 հոկտեմբերի 2021 - 22:35 AMT
ՄԻՊ․ Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի զոհը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով աղջիկ երեխաների միջազգային օրվան, գրել է, որ չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի զոհը, որ մեր կարծրատիպերի պատճառով ձախողվի նրանց կյանքի ճանապարհը։ Նա նշել է, որ սա աղջիկ երեխաների այս միջազգային օրվա սկզբունքային նշանավորում է:

«Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով ու երջանկությամբ, տալիս են կյանքի դժվարությունները հաղթահարելու անսպառ մոտիվացիա։

Պետք է նրանց համար ստեղծենք հավասար պայմաններ, հնարավորություն տանք աղջիկ երեխաներին մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացմանը:

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, կրթությունից դուրս մնալը, բռնության ենթարկվելու արատավոր երևույթները պետք է ամբողջությամբ դուրս մղվեն մեր հասարակությունից։

Պետք է գիտակցենք, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր բաժին պատասխանատվությունը այս բոլոր հարցերում»,-նշել է նա։

Հոկտեմբերի 11-ն աշխարհում նշվում է որպես աղջիկ երեխաների միջազգային օր։

Ընթերցեք նաև․ ԱՆ․ ՀՀ-ում սեռով պայմանավորված աբորտները նվազել են