24 մարտի 2009 - 19:25 AMT
Հայաստանում կարող են կրկնվել մարտի 1-ի դեպքե՞րը
«Ես խիստ կզարմանամ, եթե 2008թ. մարտի 1-ի դեպքերից եւ վերջերս Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կատարած հայտարարություններից հետո նրա շուրջը մարդկանց զգալի զանգված չհավաքվի»,- Երեւանում լրագրողներին է հայտնել Հայաստանի Դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) առաջնորդ Արամ Սարգսյանը: «Արդյո՞ք մարդիկ կարծում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իսկապես աշխատելու է որպես Երեւանի քաղաքապետ: Բացի դրանից, նա բազմիցս հայտարարել է, որ ընտրություններում կընդունի միայն իր հաղթանակի փաստը: Չհաղթելով Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին` նա կբոյկոտի ընտրությունների արդյունքները, եւ հունիսի 1-ին հանրապետությունում կրկնվեն 2008թ. մարտի 1-ի դեպքերը»,- նկատել է Արամ Սարգսյանը: Դեմոկրատական կուսակցության առաջնորդի խոսքով, Հայաստանի առաջին նախագահը հանրապետությունում սադրանքների համար հող է նախապատրաստում: «Եթե Ավագանու խորհրդի ընտրությունները դառնան 2008թ. նախագահական ընտրությունների շարունակությունը, ապա Հայաստանը չի կարողանա դուրս գալ ստեղծված իրավիճակից, որը գնալով ավելի վտանգավոր է դառնում հանրապետության համար»,- ընդգծել է Արամ Սարգսյանը:

2008թ. նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանը զբաղեցրեց երկրորդ տեղը: Փետրվարի 20-ից Երեւանում հայկական ընդդիմության անցկացրած ցույցերը, որոնք արտահայտում էին Հայաստանի նախագահի ընտրությունների արդյունքի հանդեպ դժգոհությունը, մարտի 1-ին վերածվեցին զանգվածային անկարգությունների եւ իրավապահ մարմինների հետ բախումների: Այն ժամանակ զոհվեց 10 մարդ եւ ավելի քան 200 հոգի վնասվածքներ ստացան: Մարտի 1-ից Երեւանում 20 օր ժամկետով արտակարգ իրադրություն հայտարարվեց: