24 մարտի 2009 - 22:14 AMT
Հայ ըմբշամարտիկները կմասնակցեն ազատ ոճի եւ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը
Ազատ ոճի եւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականները կմասնակցեն մարտի 31-ից-ապրիլի 5-ը Վիլնյուսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ինչպես PanARMENIAN.Net -ի թղթակցին հաղորդեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո քարտուղար Բազմասեր Առաքելյանը, Հայաստանի կողմից Եվրոպայի առաջնությանը կմեկնի ազատ ոճի եւ հունահռոմեական դասական ոճի յոթ ըմբշամարտիկ :

«Ազատ ոճի ըմբշամարտիկները ներկայումս ուսումնամարզական հավաք են անցկացնում Մինսկի շրջակայքում գտնվող «Ստայկի» օլիմպիական մարզահամալիրում»: Նրանք առաջինը կմեկնեն Վիլնյուս մարտի 29-ին, քանի որ նրանց ելույթները տեղի կունենան ապրիլի 1-ին եւ 2-ին: Իսկ մարտի 31-ին նրանք պետք է կշռվեն: Դասական ոճի ներկայացուցիչները ելույթ կունենան ապրիլի 3-ին եւ 4-ին, ուստի ազատ ոճի մարզիկներին կմիանան ապրիլի 2-ին: Նշենք, որ մարտի 29-ին Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Հրանտ Ենոքյանի գլխավորությամբ Վիլնյուս կմեկնի նաեւ Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պատվիրակությունը», - նշել է Առաքելյանը:

Ազատ ոճի եւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականներ են.

Ազատ ոճի ըմբշամարտիկներ.

Միրան Ջաբուրյան- ք/կ 55 կգ
Արթուր Առաքելյան - 60 կգ
Ժիրայր Հովհաննիսյան 66 կգ
Սուրեն Մարկոսյան - 74 կգ
Հարություն Ենոքյան -84 կգ
Էդգար Ենոքյան -96 կգ
Ռուսլան Բասիեւ -120 կգ

Գլխավոր մարզիչ ` Արայիկ Բագդատյան

Հունահռոմեական (դասական) ոճի ըմբշամարտիկներ.

Ռոման Ամոնյան - 55 կգ
Արտակ Հարությունյան -60 կգ
Խոսրով Մելիքյան -66 կգ
Արսեն Ջուլֆալաքյան - 74 կգ
Դենիս Ֆորով - 84 կգ
Արման Գեղամյան - 96 կգ
Յուրի Պատրիկեեւ -120 կգ


Գլխավոր մարզիչ` Լեւոն Ջուլֆալաքյան: