Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ-ում ներկայացնելով կորոնավիրուսի համաճարակի հետ կապված վիճակը, հայտարարել է, որ կովիդով պայմանավորված հղի կնոջ մահվան դեպք է գրանցվել։
«Ունենք 100-ից ավելի հղիներ, որոնց գրեթե կեսը տարբեր ծանրության թոքաբորբ է տանում»,- ասել է Ավանեսյանը՝ նշելով «դելտա» շտամի առավել ագրեսիվ բնույթն ու ընթացքը, ինչը դրսևորվում է նաև հղիների պարագայում։
Նախարարը նշել է, որ դիմակների կրման առումով որոշակի դրական տեղաշարժ կա։
Նշելով, որ վարակից պաշտպանվելու միակ արդյունավետ միջոցը պատվաստումն է, նախարարը նշել է, որ օրական կորոնավիրուսի դեմ 18-19,000 պատվաստում է արվում։
Նա տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ Covid-19-ի դեմ իրականացվել է 890,797 պատվաստում, որից երկու դեղաչափ է ստացել 276,948 քաղաքացի, իսկ առաջին՝ 613,849։
Հայաստանում նոյեմբերի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 321,243-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 810-ով: Մահվան ևս 35 դեպք է գրանցվել, 30-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6700 դեպք կա, այլ պատճառով՝ 1337։ Փաստացի բուժվողների թիվը 30,340 է։